Background

Տեսլական

Ազգ

Մեր ազգը պարզապես մարդկանց համախումբ չէ։ Այն հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթություն է, որը դիմակայել է կայսրությունների ճնշումներին, գաղութացմանը, ցեղասպանություններին ու վտարանդությանը՝ մնալով ստեղծարար ուժ աշխարհում։ Մեր ժողովուրդը ապրում և արարում է Հայաստանում, Հայկական լեռնաշխարհում ու Սփյուռքում, բայց և այնպես՝ մենք մեկ ամբողջություն ենք՝ մեկ ճակատագրով։ Մենք պարտավոր ենք հաղթահարել պառակտվածությունը, վախը, անգործությունն ու անտարբերությունը, միամտությունն ու ձուլումը։

 

Մեր պարտքն է միասին կերտել միություն՝ ձևավորելով նոր ազգային ուժ՝ հիմնված մշակութային հպարտության, անցյալի ձախողումների գիտակցման և պայծառ ապագայի միասնական տեսլականի վրա։

Բարգավաճման ձգտող հզոր ազգը մեր պետության ինքնիշխանության ու ազգային զարգացման հենասյունն է։

Հայրենիք

Մեր հողն ու ժողովուրդը անբաժան են։ Մեր հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, ոչ միայն մեր բնակության վայրն է, այլ մեր ինքնության հիմքն է, մեր լեզվի, հավատքի ու ազգի ակունքը։ Միայն հայրենիքում է, որ հայ ժողովուրդը կարող է լիարժեք արարել ու ծաղկել։ Սակայն դարերի ընթացքում ազգային թուլությունների պատճառով մենք աստիճանաբար կորցրել ենք մեր սուրբ հողի մեծ մասը։

 

Այսօր Հայաստանի Հանրապետությունը հայկական ինքնիշխանության վերջին հենակետն է՝ մեր երբեմնի հզոր հայրենիքի փոքրիկ հատվածը, որը պարտավոր ենք պաշտպանել և զարգացնել ազգային տեսլականի միջոցով։

 

Բայց Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու ձգտումը չի նշանակում հրաժարվել մեր ինքնությունից կամ մոռանալ մեր հողը։ Հայկական լեռնաշխարհը մեր անցյալն է, ներկան և ապագան։

Պետություն

Հայկական պետականությունը մեր ազգային ուժի հավերժական երաշխավորն է և հայրենիքի պաշտպանը։ Այն կարող է զարգանալ ու բարգավաճել միայն այն ժամանակ, երբ առաջնորդվում է հստակ ազգային տեսլականով։ Այսօր, ցավոք, Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ համակարգային կոռուպցիա, պետական ինստիտուտների անգործություն, հակահայ արտաքին ուժերի ճնշում։ Երիտասարդությունը զանգվածաբար լքում է երկիրը, իսկ տարեցները ապրում են անբարենպաստ սոցիալական պայմաններում։ Սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը խորանում են, իսկ կրթական ու առողջապահական համակարգերը աղետալի վիճակում են։ Մեր երկիրն արդեն մասնակիորեն օկուպացված է և կանգնած է մշտական ներխուժման սպառնալիքի առջև։

Մենք պարտավոր ենք դադարեցնել այս խայտառակ իրավիճակը և դառնալ մեր ճակատագրի լիիրավ տերը։ Մենք պետք է կերտենք մեր սեփական ուժը՝ ստեղծելով, նորարարելով և պաշտպանելով՝ չսպասելով այլ անձանց։ Միայն իրական ուժն է երաշխավորում հարգանք, անվտանգություն և հաղթանակ, այլ ոչ թե թղթի կտորներն ու դատարկ խոստումները։

 

Պետք է կառուցենք անվտանգ, ժամանակակից և ինքնաբավ Հայաստան՝ ուժեղ բանակով, առողջ և մրցունակ տնտեսությամբ, պետական կայուն համակարգով, որն աջակցում է յուրաքանչյուր քաղաքացու և դառնում ուղենիշ՝ աշխարհի բոլոր հայերի համար։ Մենք պետք է կերտենք մեր նախնիներին արժանի երկիր, որը կկարողանանք հպարտությամբ փոխանցել մեր սերունդներին։

Background

Միացեք Մեզ

կապ հաստատել