Բժիշկ Վիքէն Օհաննէսեանի խոսքը հայ ազգին

Բժիշկ Վիկեն Օհաննեսյանի 2025 թվականի նոյեմբերի 1-ի առաջին ելույթը հայ ազգին՝ 2026-ի ընտրությունների համար
01.11.2025
Բժիշկ Վիքէն Օհաննէսեանի խոսքը հայ ազգին

խոսքը

Հարգելի’ հայրենակիցներ, հարգելի’ ընկերներ,

Պատմության մեջ լինում են պահեր, երբ մենք ոչ միայն պետք է ականատես լինենք, այլ պետք է գործենք և դառնանք մեր իսկ ճակատագրի կառուցողները։ Այսօր այդ պահն է, Հայաստանը գտնվում է շրջադարձային գոտում, իսկ մեզանում կա ուժ, միտք ու քաջություն՝ մեր երկիրը բարեփոխելու համար։ Մենք կարող ենք միավորվել և կառուցել հզոր, հարգանքի արժանի և արդար ժողովրդավարություն։ Սակայն այսօր մեր ազգը վտանգված է, իսկ մենք՝ թուլացած ու բաժանված։

Մենք կորցրեցինք Արցախը. մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այդ կորստի համար։

Մեր հայրենիքի մի մասը օկուպացված է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Մենք ապրում ենք հարձակման և մեր ինքնիշխանության փլուզման շարունակական սպառնալիքի ներքո։

Միգուցե ասեն՝ սա պատերազմի կոչ է, բայց արդյոք այդպե՞ս է։
Մի՞թե այս ամենը մենք չենք տեսել մեր աչքերով ու չենք զգացել մեր մաշկի վրա վերջին տարիներին։
Արդյոք ճշմարտությունն ասելը, իրական իրավիճակը տեսնելն ու երկարաժամկետ մտածելը պատերազմ քարոզել է։

Այս իրականությանը դիմադրելու փոխարեն, մեր, այսպես կոչված, «էլիտան» օր ու գիշեր աշխատում է ջնջել մեր հիշողությունը, մեր ինքնությունը և մեր մշակույթը։ Նրանք ամենօրյա քարոզչության միջոցով մեզ ցանկանում են համոզել, որ հնազանդվելը խաղաղություն է, դավաճանությունը՝ փրկություն, բայց սա պատրանք է, որը մեզ տանում է դեպի ավելի մեծ պարտություն ու բռնապետություն։

Մի՞թե մենք դատապարտված ենք անհետացման՝ պանթուրքիզմի դաժանությամբ կամ թե իմպերիալիզմի զոհ դառնալու։ Միթե՞ մեր պարտությունը վերջնական է։
Ո՛չ։ Ուրեմն ի՞նչ պետք է անենք։

Այսօրվա քաղաքական համակարգը հեռու է մեր ժողովրդի խնդիրներին բավարար լուծում տալուց։ Մի կողմում օլիգարխներն ու իրենց խամաճիկներն են, որոնք թալանել ու ավիրել են հայրենիքը, իսկ մյուս կողմում՝ պոպուլիստական ռեժիմը, որը մեզ տանում է ստրկացման և ազգային լուծարման։

Պատրա՞ստ ենք շարունակել պարզապես մեկնաբանութուններ թողնել սոցիալական ցանցերում, բողոքել տներում և այլևս ոչինչ չանել, մինչ մեր երկիրը կործանվում է։
Ո՛չ։ Մենք չենք կարող և չպետք է այդպես վարվենք։

Նախ՝ պետք է դուրս գանք վախի մթնոլորտից, խիզախենք խոսել ճշմարտության մասին և տարածենք մեր տեսլականը։ Եթե հիմա չգործենք, հետո պարզապես ուշ կլինի։

Անկախ մեր հասարակության բևեռացումից՝ մենք բոլորս հայ ենք և պետք է սիրենք իրար՝ ինչպես եղբայրներ ու քույրեր։ Մեր իրական թշնամիներն են ՎԱԽԸ և ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ։

Ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ հաղթահարել են այս երկու թշնամուն, այնպես էլ մենք պետք է դա անենք։

Ուստի, պետք է միավորվենք և 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններին ներկայացնենք վստահելի ժողովրդավարական այլընտրանք։

Մեր պարտականությունն է նորից վեր կանգնել, միավորվել, հույս վառել և մեր ժողովրդին վերադարձնել իր ուղին։ Սա յուրահատուկ և գուցե Հայաստանին նոր ուղղություն տալու վերջին հնարավորություն է։

Ահա թե ինչու ենք մենք սեպտեմբերի 21-ին մեկնարկել նոր քաղաքական շարժում՝ Ազգ Առաջ։ Երրորդ ուղի՝ ժողովրդավար, ազգային և կարողունակ։ Ուժ, որն ի վիճակի է ղեկավարել երկիրը և վերակառուցել ազգը, աշխարհի հայերի ներուժը միավորել Հայաստանի Հանրապետության իրական կարիքների հետ։

Ազգային շարժում, որը կոչված է ուժեղացնելու մեր պետականությունը, բարելավելու ժողովրդագրությունը, տնտեսությունն ու անվտանգությունը՝ չհրաժարվելով մեր ինքնությունից և արդարության իդեալներից։

Սա նշանակում է արժանահավատ մասնագետների արժանապատիվ իշխանություն, որի նպատակն է սահմանել ու պաշտպանել իրական ազգային շահերը՝ իրական, այլ ոչ մակերեսային ժողովրդավարության իրականացմամբ։

Այո’, ժողովրդավարությունը սահմանափակված չէ միայն չկեղծված ընտրություններով։ Այն շատ ավելին է։

Ես Վիքէն Օհաննէսեանն եմ՝ հանրային առողջության բժիշկ և «Ազգ Առաջ» ազգային շարժման հիմնադիրը։

Ես 34 տարեկան եմ։ Ծնվել եմ Ֆրանսիայում, մեծացել հայրենասեր, միջին խավի ընտանիքում։ Որոշել եմ տեղափոխվել Հայաստան՝ ամբողջովին հայրենիքին նվիրվելու համար և այսօր ապրում եմ Երևանում։

Ես հանդիսավոր կոչ եմ անում մեր ժողովրդի ողջ կենսունակ ուժերին վեր ելնել և միասին վերակառուցել մեր հայրենիքը։

Կոչ եմ անում նրանց, ովքեր երազում են հզոր, ինքնիշխան, բարեկեցիկ և արդար Հայաստանի մասին։

Կոչ եմ անում այն երիտասարդներին, ովքեր երազում են աղքատությունից ու կոռուպցիայից զերծ ապագայի մասին։

Կոչ եմ անում այն հայ կանանց, ովքեր ցանկանում են իրական առաջընթաց իրենց կյանքում՝ որպես կին, մայր ու տատիկ։

Կոչ եմ անում ուսուցիչներին, բժիշկներին, գիտնականներին ու ձեռնարկատերերին ձևավորել մի ազգ, որը հիմնված է գիտության, նորարարության և առաջընթացի վրա։

Կոչ եմ անում նրանց, ովքեր կորցրել են հավատը այսօրվա քաղաքական համակարգի նկատմամբ և ձգտում են նորացման։

Կոչ եմ անում նրանց, ովքեր հրաժարվում են իրենց ձայնը տալ առկա կուսակցություններին և հուսահատորեն փնտրում են այլընտրանք։

Կոչ եմ անում նրանց, ովքեր չեն վախենում բարձրաձայնել Արցախ, Ցեղասպանություն, Արարատ, և Արևմտյան Հայաստան բառերը։

Կոչ եմ անում նրանց, ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը, սակայն այսօր հիասթափված են արդյունքից։

Կոչ եմ անում բոլոր հայերին՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, ովքեր ճնշված են իրենց հայրենիքում, թաքնված կամ գաղթած, միավորվել ու վերակառուցել մեր ազգը։

Կոչ եմ անում Դավիթ Բեկի, Շահամիր Շահամիրյանի, Նալբանդյանի, Րաֆֆիի, Խրիմյան Հայրիկի, Սերոբի, Գևորգ Չաուշի, Քրիստափոր Միքայելյանի, Սողոմոն Թեհլերյանի, Ավետիք Իսահակյանի, Արամի, Դրոյի, Անդրանիկի, Նժդեհի, Սիմոն Վրացյանի, Նիկոլ Աղբալյանի, Արա Սարգսյանի, Լուսիկ Ագուլեցու, Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Հայրիկ Մուրադյանի և Գագիկ Գինոսյանի ժառանգներին։

Բարեկամներ, մեր ժողովրդի իրական տարանջատումը ազգայինի և ապազգայինի միջև է։ Այն նրանց միջև է, ովքեր պայքարում են Հայաստանի գոյության համար ու նրանց միջև, ովքեր նպաստում են Հայաստանի անկմանը։

Ժամանակն է ընտրություն կատարելու։ Պատմությունը ցույց է տալիս, որ «դիմադրությունը» ապարդյուն չէ։
Մենք ենք Հայաստանը, որը դիմադրում է, ապրում է և հաղթելու է։ Մենք Ազգ Առաջն ենք։

Մեր հիմնադրման պահից ի վեր հարյուրավոր ազգակիցներ արդեն միացել և աջակցել են մեզ։
Կանգնե’ք մեր կողքին, միացե’ք մեզ և տարածե’ք մեր ձայնը այնքան, որքան կարող եք։
Կհանդիպենք շուտով։

Background

կապ հաստատել